Մոտիվացիա

Մոտիվացիա։ Մոտիվացիան արվեստ է, ինչով ղեկավարները առաջ են մղում աշխատակիցներին, այն ներքին գործոն է, որ խթանում, վարակում է ցանկալի էներգիայով, որը մարդկանց շարունակաբար պահում է հետաքրքրված աշխատանքով, պաշտոնով, առարկայով, և մարդը ջանք ու եռանդ է դնում նպատակին հասնելու համար։ Մոտիվացիան բխում է մոտիվ բառից, որը նշանակում է իդեան կարիք ունի էմոցիոնալ կամ օրգանիկ վիճակի, որը մարդուն առաջ է մղում գործողության։ Մոտիվացիայի մասին կան շատ տեսություններ, սա այն թեմաներից է, որ կարելի է գրել ու գրել, բայց երբ խոսում ենք ինչպես մոտիվացնել անձնակազմին կամ ինչպես բարձրացնել մոտիվացիան, ապա սա ամենացավոտ ու դժվար հարցերից մեկն է, որ միշտ հուզում է ղեկավարներին։ Ինչու՞։ Որովհետև մարդիկ տարբեր են, ամեն մեկն իր յուրահատկություններով, իսկ քանի որ մոտիվը մարդու ներսում է, ուստի անհրաժեշտ է ուսումնասիրել նրանց կարիքները, էմոցիաները, որպեսզի կարողանանք մոտիվացնել նրանց, իսկ սա բավականին բարդ է, հատկապես երբ խոսում ենք մեծ ընկերությունների մասին։

 

Հաճախ ընկերությունները ծախսում են հսկայական գումարներ անձնակազմին մոտիվացնելու համար, սակայն վերջում չեն ստանում այն արդյունքը, որ կանխատեսել էին ստանալ։ Այս երևույթը նորմալ է, ինչու՞, որովհետև հաճախ ընդհանուր մոտեցումը մոտիվացիայի բարձրացման տեսանկյունից այդքան էլ արդյունավետ չէ։ Այստեղ անհարկի չի լինի հիշել Մասլոուի պահանջմունքների բուրգը, որտեղ դասակարգված են մեր կարիքները՝ ֆիզիոլոգիական, անվտանգության, սիրո/պատկանելության, ինքնահարգանքի և ինքնաակտուալիզացիայի։ Հասկանալով մարդու պահանջմունքները՝ կարելի է կողմնորոշվել, թե արդյոք նյութական, թե ոչ նյութական միջոցներով կարելի է բերել մոտիվացված վիճակի։

 

Մոտիվացիան այն շարժիչ ուժն է, որ պոկում է մեզ մեր հարմարավետության գոտուց, որտեղ բավարարված են մեր բոլոր պահանջմունքները ու նետում նոր միջավայր, նոր հարթություն՝ բավարարելու նոր կարիքներ և հաճախ հանդիսանում է թռիչքի դրդապատճառ՝ թռիչք բուրգի մի գոտուց մյուսը։ Մոտիվացիան հսկայական դրական էներգիա է ծնում, որը և օգնում է հասնել նպատակին։ Դե, իսկ նպատակները մոտիվատորներ են։ Մարդիկ աշխատում են նպատակներին հասնելու համար և դրանց հասնելուց հետո բավարարված են լինում և մոտիվացված, քանի որ նպատակները մեր բավարարված կարիքներն են, այսպես ասված։ Նպատակ, ռազմավարություն, մոտիվացիա, գործողություն, արդյունք ու նորից մոտիվացիա։ Սա մի շղթա է, որ եթե մեզ ստացվի ճիշտ կառավարել, ապա հաջողությունը չի սպասեցնի։

Ներքին մոտիվացիա

 

Ներքին մոտիվացիայի դեպքում անհատի խրախուսման ազդակները/շարժառիթները բխում են ներսից, կապված են իր սեփական հետաքրքրությունների և ցանկությունների հետ:

 

Մոտիվացիան բարձրացնող գործոններից են մարտահրավերը, հետաքրքրությունները, հսկողությունը, համագործակցությունը, մրցակցությունը և այլն։

 

Արտաքին մոտիվացիա

 

Արտաքին մոտիվացիայի դեպքում անհատի խրախուսման ազդակները (շարժառիթները) գալիս են արտաքին աշխարհից, աշխատանքը կատարվում է ակնկալիքով, որ լինելու է սպասված պարգևատրումը՝ նյութական կամ ոչ նյութական (գումար, պատվոգիր, մրցանակ, գովաբանում, լավագույն աշխատողի ճանաչում և այլն):