Քաղաքացիական իրավունք

Իրավունքի հիմունքներ

 

Քաղաքացիական իրավունք, գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ կարգավորող իրավունք, որը կառուցվում է այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության մեթոդի հիման վրա։

 

Քաղաքացիական իրավունքի աղբյուր են Սահմանադրությունը, քաղաքացիական օրենսգիրքը և այլ օրենքներն ու նորմատիվ այլ ակտերը։

 

Քաղաքացիական իրավունք է կոչվում իրավունքի այն ճյուղը, որը կարգավորում է որոշակի հասարակական հարաբերություններ։

 

Քաղաքացիական իրավունքը որպես իրավունքի ճյուղ

 

Քաղաքացիական իրավունքը՝ որպես իրավունքի ճյուղ, իրավական նորմերի հասկացություն է, որը կարգավորում է գույքային ինքուրույնություն ունեցող իրավահավասար սուբյեկտների կամահայտնությամբ առաջացող ապրանքադրման և տարաբնույթ գույքային հարաբերություններ, գույքային հարաբերությունների հետ կապված և դրանց հետ չկապված անձնական ոչ գույքային հարաբերություններ։ Գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների մեծ շրջանակ։ Սակայն քաղաքացիական իրավունքը կարգավորում է այդ շրջանակի մի մասը միայն։

 

Քաղաքացիական օրենսդրություն

 

Քաղաքացիական օրենսդրությունը քաղաքացիական հարաբերությունների կարգավորումն ապահովող, համապարտադիր վարքագծի կանոններ սահմանող նորմատիվ ակտերի այն ամբողջությունն է, որը կազմում է իրավունքի հիմքը և կանխորոշում է նրա բնույթը։

 

Քաղաքացիական իրավունքի գիտություն

 

Քաղաքացիական իրավունքի գիտությունը իրավագիտության բաղկացուցիչ մաս է։ Քաղաքացիական իրավունքի գիտությունը որպես գիտական գործունեության առանձին ոլորտ, առաջացել է Հին Հռոմում։ Քաղաքացիական իրավունքի գիտությունը ուսումնասիրում է հասարակական հարաբերությունների քաղաքացիաիրավական կարգավորման օրինաչափությունները։ Քաղաքացիական իրավունքի գիտության ուսումնասիրման առարկան բացի քաղաքացիական իրավունքից հանդիսանում է նաև քաղաքացիական օրենսդրությունը, նրա կիրառման պրակտիկան, քաղաքացիական իրավունքով կարգավորվող հասարակական հարաբերությունները, այն ուսումնասիրում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիական իրավունքը, այլև արտասահմանյան, հատկապես ԱՊՀ երկրների քաղաքացիական իրավունքը և օրենսդրությունը։

 

 

Ընդհանուր իրավասության դատարան

Հայաստանի դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարաններն են, որտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով։

 

Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։ Ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

 

Երբ դիմել դատարան

 

Դատարան պետք է դիմել բոլոր այն դեպքերում, երբ առկա է որևէ վեճ այլ անձի կամ կազմակերպության հետ, այն չի ենթադրում որևէ հանցանքի կատարում այդ անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից, որը նախատեսված է քրեական օրենսգրքով։ Դատարան դիմելը վեճը լուծելու միակ օրինական տարբերակն է, եթե սպառվել են բանակցությունների միջոցով հարցը լուծելու հնարավորությունները։

 

Ով կարող է դիմել դատարան

 

Դատարան կարող է դիմել ցանկացած չափահաս և գործունակ անձ, եթե վեճը վերաբերում է անձամբ իրեն, կամ նա ներկայացնում է իր մերձավոր ազգականին։ Այլ դեպքերում դատարանում հանդես գալու իրավունք ունեն միայն փաստաբանները։ Ամեն դեպքում մինչև ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկելը ցանկալի է դիմել որևէ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի․ Սխալ գործողությունները կամ մարտավարությունը կարող է անդառալի հետևանքներ առաջացնել գործի համար։

 

Որ Ընդհանուր իրավասության դատարան դիմել

 

Ընդհանուր կանոնի համաձայն նախ պետք է պարզել պատասխանողի բնակության վայրը։ Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան։ Առկա են նաև բացառություններ, որոնք նախատեսված են օրենքով։

 

Վճռաբեկ դատարան

 

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։

 

 

Փաստաբանություն

Փաստաբանություն. մասնագիտական միավորում, որի նպատակը քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի ու մարմինների որոշումների վրա ազդեցություն ունենալն է։ Փաստաբանության անմիջական խնդիրն անձին իրավաբանական օգնություն ցույց տալն է։ Փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն իրականացնող սոցիալ-հանրային ինստիտուտ է, որի խնդիրներն են ֆիզիկական և իրավաբանական անձանց օգնություն ցույց տալը, նրանց իրավունքներն ու ազատություններն օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելը, ինչպես նաև արդարադատության իրականացմանը նպաստելը։ Փաստաբանն այն անձն է, ով փաստաբանական ծառայություն է մատուցում նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Փաստաբանության ծագումը

Փաստաբանությունը դասվում է հնագույն իրավական ինստիտուտների շարքին։ Փաստաբանությունը ծագել է դեռևս Հին Հռոմում ու Հին Հունաստանում։ Տերմինը ծագել է լատիներեն advocare կամ advocatus արմատից, որը նշանակում է կոչված կամ կանչված։ Ժամանակի ընթացքում աշխարհում տարածվեց ու զարգացավ այն գաղափարը, որ մարդը կարող է իր իրավունքները պաշտպանել մեկ ուրիշի միջոցով։ Հին Հունաստանում տարածված չէր փաստաբանների` դատարանում ելույթ ունենալը։ Սովորաբար անձը դիմում էր ժամանակի հայտնի հռետորներից կամ գրողներից որևէ մեկին, վերջինս պատրաստում էր այն ճառը, որ դատավարության կողմ հանդիսացող անձը պիտի կարդար դատարանում` ինքն իրեն պաշտպանելու համար։

Փաստաբանությունն ավելի տարածված էր Հին Հռոմում։ Սկզբնական շրջանում հանրապետական Հռոմում փաստաբան էին կոչվում դատավարության կողմ հանդիսացող անձի հարազատներին կամ բարեկամներին, ում նա խնդրում էր իրեն ուղեկցել դատարան։ Կայսրության շրջանում արդեն այդ տերմինով սկսեցին կոչել դատական պաշտպաններին։ Այստեղ արդեն փաստաբանները դատարանում ելույթ էին ունենում` իրենց պաշտպանյալի իրավունքները պաշտպանելու համար։ Այս ժամանակաշրջանում առաջացան նաև, այսպես կոչված, բարձրակարգ փաստաբանները` patronus causarum, կամ պարզապես patron-ները։ Այս ժամանակ փաստաբաններն իրենց ծառայությունների դիմաց վարձատրություն չէին ստանում։ Նույնիսկ ընդունվել էր Կիրկիան օրենքը, որով արգելվում էր փաստաբանին վարձատրություն ստանալ իր ծառայության դիմաց։ Կայսրության ժամանակաշրջանում այս օրենքը դադարեց գործել, ու փաստաբանները իրենց ծառայության դիմաց ստանում էին փոխհատուցում։ Արդեն այս ժամանակ փաստաբանի մասնագիտությունը դարձավ շատ եկամտաբեր։

Անգլիայում փաստաբանության ինստիտուտը ծագում է այն ժամանակներից, երբ մեղադրյալն իրավունք ուներ իր ընկերներին տանել դատարան ու նրանց հետ խորհրդակցել դատի ժամանակ։ Ընկերները նաև իրավունք ունեին դատարանում ելույթ ունենալու նրա փոխարեն։ Այսպես, փաստաբանության առաջացումը պայմանավորված էր հասարակության զարգացմամբ ու պահանջմունքներով։ Իրավունքի ձևավորման, հասարակության իրավաբանական զարգացման սկզբնական փուլում դատավարության կողմերը հնարավորություն են ունեցել անձամբ վարելու իրենց գործերը, քանի որ իրավական նորմերը, լինելով պարզ ու հասարակ, կարող էին ընկալվել յուրաքանչյուրի կողմից։ Սակայն հասարակական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ իրավական նորմերն էլ են դառնում բարդ ու բազմաբնույթ, դրանց իմացությունն ու կիրառումը դժվարանում է հասարակության անդամների մեծ մասի համար։ Սկսում է զգացվել սոցիալական այնպիսի մի խմբի անհրաժեշտությունը, որը կզբաղվեր օրենքների ուսումնասիրությամբ ու իրավաբանական օգնություն ցույց կտար դրա կարիքն ունեցող անձանց։

Փաստաբանության նպատակները

Փաստաբանությունն իր բոլոր ձևերով կոչված է հավաստիացնելու, որ անձինք, հատկապես նրանք, ում իրավունքները ոտնահարվել են, կարող են.

  • իրենց ձայնը լսելի դարձնել այն հարցերով, որոնք կարևոր են իրենց համար,
  • պաշտպանել ու ապահովել իրենց իրավունքները
  • ունենալ ու դրսևորել իրենց կարծիքն ու տեսակետը, հատկապես այն ժամանակ, երբ իրենց կյանքին վերաբերող որոշումներ են ընդունվում,

Փաստաբանությունը գործընթաց է, որն աջակցում է մարդկանց ու հնարավորություն տալիս.

  • արտահայտել իրենց տեսակետները,
  • ստանալ տեղեկատվություն ու ծառայություն,
  • պաշտպանել ու զարգացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները,
  • ունենալ ընտրության հնարավորություն։

Փաստաբանի մասնակցությունը քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական դատավարություններին արդարադատության իրականացման կարևոր և անհրաժեշտ պայման է։ Փաստաբանական գործունեությամբ անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը չի հակադրվում պետության և նրա մարմինների շահերին ու խնդիրներին։ Փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի կամ նրա գործերի հետ, օրենքի վրա հիմնված նրա գործունեությունը չի կարող հակասել պետության կամ հասարակության շահերին, օրինակ` սպանություն կատարելու մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը չի վերածվում հանցագործության պաշտպանության կամ արդարացման։

Փաստաբանության կազմակերպման և գործունեության սկզբունքները

Օրինապահության սկզբունքը ենթադրում է, որ փաստաբանը պարտավոր է գործել օրենքով չարգելված միջոցներով ու եղանակներով, հարգել ու չոտնահարել այն անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքներն ու շահերը։ Փաստաբանության կազմակերպման և գործունեության հիմքում ընկած է անկախության սկզբունքը։ Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Սահմանադրությամբ և օրենքներով,փաստաբանի վարքագծի կանոնագրքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ։ Փաստաբանությունն ինքնակառավարվող ինստիտուտ է, այսինքն` փաստաբանների միավորման կազմակերպմանն ու գործունեությանը վերաբերող բոլոր կարևոր հարցերը փաստաբաններն ինքնուրույն են լուծում։ Փաստաբանության ժողովրդավարական բնույթը դրսևորվում է փաստաբանների իրավահավասարության սկզբունքում, ըստ որի` բոլոր փաստաբաններն ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ։

Վարչական պատասխանատվություն

Վարչական պատասխանատվությունը , վարչական իրավախախտումների համար քաղաքացու կամ պաշտոնատար անձի պատասխանատվությունն է պետության (հանձինս նրա մարմինների) առջև։ Վարչական պատասխանատվության դեպքում սովորաբար բացակայում է ծառայական ենթակայությունը վարչական իրավախախտում (զանցանք) թույլ տված անձի և հարկադրանք (վարչական տույժ) կիրառող վարչական մարմնի միջև։ Պաշտոնատար անձինք վարչական պատասխանատվության են կրում կառավարման, պետական և հասարակական կարգի, բնության, բնակչության, առողջության պահպանման ոլորտում իրենց պաշտոնեական պարտականությունների մեջ մտնող կանոնների խախտման համար։ Վարչական պատասխանատվության տեսակ կարող են լինել նախազգուշացումը, տուգանքը, իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ ծառայած առարկայի առգրավումը (հատուցմամբ), դրա բռնագրավումը, հատուկ իրավունքներից (օրինակ, տրանսպորտային միջոց վարելու իրսսիսնքից) զրկումը, ուղղիչ աշխատանքները, վարչական կալանքը։

 

Վարչական մեկ իրավախախտման համար կարող է նշանակվել մեկ հիմնական կամ մեկ հիմնական և մեկ լրացուցիչ տույժ։ Անձի թույլ տված մեկից ավելի իրավախախտման համար տույժ է նշանակվում ըստ իրավախախտման դեպքերի և ի կատար է ածվում առանձին։

 

Վարչական պատասխանատվություն նախատեսող ակտեր ընդունելու իրավունքը վերապահված է պետական իշխանության և պետական կառավարման մարմիններին։

 

 

Օրենքների ընդունման և կիրառման գործընթացը

Օրենսդրական գործընթացի փուլերը

 

Օրենքներն ընդունելու բացառիկ իրավունքը պատկանում է Օրենսդիր իշխանությանը (Ազգային ժողովին), որն օժտված է գերակայությամբ։ Օրենսդրական գործընթացն ունի 3 փուլ՝

 

Օրենսդրական նախաձեռնության փուլՕրինագծի քննարկման և ընդունման փուլԸնդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրման և հրապարակման փուլՕրենսդրական նախաձեռնության փուլ

 

Օրենքների նախագծերը կարող են առաջադրվել կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Եթե օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է պատգամավորին, ապա նախագիծը ներկայացվում է ԱԺ նախագահին։ Երկու օրվա ընթացքում խորհրդարանի նախագահն այն ուղարկում է կառավարություն և ԱԺ-ի բոլոր հանձնաժողովներին՝ նշելով գլխադասային հանձնաժողովը( այն հանձնաժողովն է, որը պատասխանատու է տվյալ նախագծում հանդես եկած հարցերի համար)։ 30 օրվա ընթացքում կառավարությունը և գլխադասային հանձնաժողովը եզրակացություն են տալիս նախագծի վերաբերյալ։ Եթե տվյալ նախագծի ընդունումը որևէ կերպ կարող է ազդել բյուջեի վրա, ապա կառավարության եզրակացությունը պարտադիր է։ Նախագծի մասին եզրակացությունները ստանալուց հետո ԱԺ նախագահը նախագիծն ու դրա մասին եզրակացությունները ներկայացնում է ԱԺ հերթական եռօրյա նիստին։ Քվեարկությունից հետո նախագիծը ձայների մեծամասնություն հավաքելով ընդգրկվում է նստաշրջանի օրակարգում։

 

Օրինագծի քննարկման և ընդունման փուլ

 

Նախագիծը առնվազն երկու ընթերցմամբ քննարկվում է ԱԺ նիստում։ Առաջին ընթերցման ժամանակ զեկուցողը ներկայացնում է օրենքի նախագիծը։ Օրենքի ընդունման փուլում օրինագիծն ամբողջությամբ դրվում է քվեարկության։ Օրինագիծն ընդունվում է, երբ նիստին ներկա են պատգամավորների կեսից ավելին ու մեծամասնությունը կողմ է քվեարկում։

 

Ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրման և հրապարակման փուլ

 

Օրենքն ուժի մեջ է մտնում միայն նախագահի ստորագրումից ու հրապարակումից հետո։ Նախագահը 21 օրվա ընթացքում կարող է այն ստորագրել կամ հետ ուցարկել ԱԺ՝ իր դիտողություններով և առաջարկներով։ Եթե օրենքը հետ է ուղարկվում, ապա խորհրդարանը քննարկում է միայն նախագահի դիտողությունները և առաջարկները։ Դրանց չընդունվելու դեպքում պատգամավորներն օրենքը մեկ անգամ ևս դնում են քվեարկության։ Եթե օրենքը ընդունվում է, ապա այն հետ է ուղարկվում նախագահին։ Այս դեպքում նախագահն պարտավոր է 5 օրվա ընթացքում ստորագրել և հրապարակել օրենքը։ Հրապարակվելուց հետո օրենքն մտնում է ուժի մեջ և սկսում է գործել։

 

 

Հայ իրավունքի զարգացում

Հայ իրավունքի ծագումը

 

Իրավունքը հայ հասարակության պատմության մեջ ծագել է նույն այն պատճառների և պայմանների ուղով ինչ որ պետությունը։ Պետության և իրավունքի ծագման գործընթացները ընթանում են զուգահեռ։ Միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր պատմական ժամանակաշրջաններում իրավունքի ծագումը ունեցել է իր առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր հասարակության տնտեսական և սոցիալական կյանքը պահանջում է արտադրության, բաշխման և նյութական բարիքների սպառման մեջ ընդգրկված մարդկանց գործունեության, նրանց վարքի կանոնակարգում։ Այս խնդիրը լուծվում է սոցիալական նորմերի օգնությամբ։ Նախնադարյան հայկական հասարակությունում (ինչպես նաև այլ ժողովուրդների) դրանք հիմնականում սովորույթներն էին։

 

Հասարակության սոցիալական շերտավորումը, հասարակության մեջ իրենց շահերով և հետաքրքրություններով տարբեր սոցիալական խմբերի ի հայտ գալը հանգեցնում են նրան, որ նախնադարյան տոհմատիրական համակարգի սովորույթներն այլևս ի վիճակի չեն լինում լուծել այս խնդիրը, կատարել իրենց համակարգավորիչ դերը։ Որակապես նոր սոցիալ-տնտեսական պայմանները պահանջում են պետության կողմից սահմանված կամ թույլատրվծ և պետության կողմից պաշտպանվող նոր համապարտադիր նորմեր։

 

Իրավունքի, ինչպես և պետության ծագումը դյուրին չի եղել, այն տևել է հարյուրամյակներ։ Այդ պատճառով տեսականորեն, սխեմատիկ շարադրել իրավունքի ծագումը Հայաստանում անհնար է։ Ինչպես Հայաստանում, այդպես էլ տարբեր երկրներում այդ գործընթացը, թեև ընդհանուր օրինաչափություններով, ունեցել է անցյալի և ներկայի մտածողներին, հին ու նոր աշխարհի գիտնականներին։ Իրավունքի ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք մեծ մասամբ սերտորեն կապված են պետության ծագման մասին գոյություն ունեցող տեսությունների հետ։ Դրանցից առավել հայտնի և տարածվածներն են. աստվածային, բնական, պատմական, նորմատիվային, մարքսիստական տեսությունները։

 

Հայոց իրավունքի և իրավական մտքի պատմության սկզբնաղբյուրներն իրենց արմատներով գնում են խորը հնադար։ Դրանց համառոտ շարադրանքից երևում է, որ հնում և միջնադարում հայ ժողովրդի իրավունքը և իրավական միտքը պատմականորեն ունեցել է իր իրավական աղբյուրները։ Այդ աղբյուրներն են.

 

սովորույթը կամ սովորութային իրավունքըկանոնական կամ եկեղեցական իրավունքըօտար իրավունքի ռեցեպցիան (Մովսեսական օրենքները, Ասորահռոմեական դատաստանագիրքը, բյուզանդական զինվորական օրենքը, հռոմեակաբյուզանդական և այլ իրավունքներ)ազգային դատաստանագրքեր (Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը»)իրավահայտ աղբյուրները, այսինքն հայ և օտար պատմագիրների աշխատությունները, վիմագիր տարեգրերն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները։Սովորույթներ

 

Հին պետությունների օրենսդրական ժողովածուները հիմնականում կազմված են սովորութային իրավունքի փոխառումներից։ Այդպիսին են Բաբելոնի «Համմուրաբի թագավորի օրենքները», Հին Հռոմի «12 աղյուսակները», Հին Հունաստանի «Սոլոնի օրենքները» և այլն։ Հնում հայերի համար օրենքը, փաստորեն, նույն պարտադիր սովորույթն էր։ Դա պարզորոշ կերպով արձանագրված է հին հայկական մատենագիրների մոտ, որոնք շատ հաճախ էին կիրառում «օրենքը նախնեաց», «կարգ նախնեաց» և նման այլ արտահայտություններ, որոնք ըստ էության նշանակել են մի բան՝ սովորութային իրավունք։ Սովորութային նորմերն իրավունքի աղբյուր են եղել նաև միջնադարյան Հայաստանում։

 

Եկեղեցական կանոնների ժողովածուներ

 

Քրիստոնեությունը 4-5-րդ դարերից սկսած Հայաստանում սկսում են որպես իրավունքի աղբյուր ձևավորել եկեղեցական կանոնների ժողովածուները։ Դրանք վաղ միջնադարյան Հայաստանի ամենահին գրավոր աղբյուրներն են։ Սկզբնական շրջանում այդ կանոնները դավանաբանական թեզերի ու բարոյագիտական նորմերի համախմբումներ էին։ Հետագայում հետզհետե ընդգրկվում են նաև հասարակական հարաբերությունների կարգավորման որոշ շրջանակներ և համակվում են իրավական նորմերի բնույթով։ Միջնադարյան Հայաստանում գործող եկեղեցական կամ կանոնական իրավունքն արդեն 8-րդ դարից դառնում է կանոնադրությունների հավաքածու։

 

Օտար իրավունքի ռեցեպցիա

 

Հայ իրավունքի պատմության մեջ «օրենքը»՝ որպես իրավունքի նորմերից տարբեր մի հասկացություն, հանդես է գալիս, երբ Հայաստանում սկսվում են օտար օրենսգրքերի կիրառումը, դրա հետևաnքով էլ առաջանում է տեղական ազգային դատաստանագիրք կազմելու անհրաժեշտությունը։ Ազգային դատաստանագրերը, բնականաբար, իրենցից ներկայացնում էին օտար օրենքների և տեղական սովորութային իրավունքի համաձուլվածք։ Օտար իրավունքի առնչությամբ հարկ է նշել, որ նրա փոխառումը, այսինքն ռեցեպցիան, հիմնականում կատարվել է 2 ճանապարհով. բնական եղանակով, երբ հայ հասարակությունը գնահատելով իրավունքի այս կամ այն օտար աղբյուրի արժանիքները, կամովին ներմուծել է այն և պարտադրանքի եղանակով, երբ օտար նվաճողները հայերին հարկադրել են ընդունել իրենց օրենքները։

 

Ազգային դատաստանագրքեր

 

Բնականաբար, հայոց իրավունքի համար աղբյուր են եղել նաև հայոց ազգային դատաստանագրերը՝ Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերը։

 

Իրավահայտ աղբյուրներ (մատենագիրների աշխատանքներ)

 

Հայոց իրավունքի համար աղբյուրագիտական արժեք ունեն հայ և օտար դասական մատենագիրների՝ Ստրաբոնի, Քսենոփոնի, Դիոն Կասիոսի, Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի, Շիրակացու և այլոց թողած ժառանգությունը։ Նրանց գործերում տեղեկություններ են պահպանվել վաղ շրջանի հայ իրավունքի պատմության վերաբերյալ։ Միաժամանակ հենց այդ տեղեկություններն են իրավունքի աղբյուրի նշանակություն ձեռք բերել հետագայի համար։ Հենց այդ պատճառով հայ և օտար պատմիչների գործերը, վիմագիր տարեգրություններն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները հայոց իրավունքի իրավահայտ աղբյուրներ են։

 

Հայ իրավունքի զարգացումը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (3-9-րդ դդ.)

Հայաստանում վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (3-9-րդ դդ.) իրավունքի աղբյուրներն էին սովորութային իրավունքը, հայկական թագավորների, պարսկական թագավորների, բյուզանդական կայսրերի, արաբական խալիֆների նորմատիվային ակտերը, կանոնական իրավունքը, օտար (հրեական, սիրիական, հռոմեաբյուզանդական) իրավունքի ռեցեպցիան և որպես օժանդակ աղբյուրներ 5-9րդ դդ. պատմագրությունը և վիմագիր արձանագրությունները։

 

Սովորութային իրավունքը համարվում էր իրավունքի հիմնական աղբյուրը ոչ միայն ստրկատիրության շրջանում, այլև վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, հատկապես Հայաստանի մասնատվածության պայմաններում, երբ զարգանում էր տեղային (պարտիկուլյար) իրավունքը, այսինքն կիսանկախ մարզերի սովորույթները։

 

Հայկական պետաիրավական միտք

 

XIV-XIX դդ-ի քաղաքական միջավայրը հայկական իրավ․ համակարգի և իրավագիտության զարգացման համար աննպաստ էր, որի հետևանքով իրավ․ մշակույթի ակնհայտ նվաճումներ բուն Հայաստանում չեն եղել։ Հայ պետաիրավական միտքը՝ որպես իրավ․ մշակույթի բաղադրատարր, ձևավորվել է հայկական գաղթավայրերում։ Իր գործունեությամբ հատկապես աչքի է ընկել Մադրասի խմբակը (1770-ական թթ.), որի անդամների աշխատությունները (Մովսես Բաղրամյան, «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ», 1772, Շահամիր Շահամիրյան, «Տետրակ, որ կոչի նշաւակ», 1783, «Որոգայթ փառաց», 1788-89) հայ պետաիրավական մտքի կարևոր հուշարձաններ են։ Առավել արժեքավոր է «Որոգայթ փառաց»-ը, որը, ըստ էության, ապագա հայոց պետության սահմանադրության նախագիծն է, և այդ իրավաբ. աշխատությամբ են պայմանավորված նոր ժամանակաշրջանի հայ սահմանադրական մտքի ձևավորումն ու զարգացումը։ Մադրասի խմբակի գործիչները պաշտպանել են բնական իրավունքի գաղափարները, դատապարտել բռնապետությունը, իրենց աշխատություններում հռչակել են ժողովրդական ինքնիշխանության, ընդհանուր ընտրական իրավունքի, անձն․ ազատության, խոսքի ազատության, մասնավոր սեփականության անձեռնմխելիության սկզբունքներ։