Հաշվետվություն

Սեպտեմբերից սկսած մասնակցել եմ ագարակում խաղողի բերքահավաքին։
Այնուհետև դրա տեխնոլոգիական մշակմանը։ Արդյունքում ստացանք սպիտակ անապակ գինի։ Մասնակցելեմ նաև 2021թ կարմիր գինու (խաղողի տեսակները Չարենց և հաղթանակ) տեխնաալոգիական մշակման աշխատանքներին։ Առաջին նստվացքից (փլուշ ) անջատման աշխատանքներ, այնուհետև մամլման աշխատանքներին որի տևողությունը մոտ 30օր  և երկրորդ նստվածքից (դուռդ) անջատման աշխատանքներին որի տեվողությունը մոտ 15֊20օր։ մասնակցել եմ 2021թ  գնված խաղողի բեռնաթափման և տեղավորման աշխատանքներին։ Պլաստիկ տակառների  բեռնաթափման, լվացման աշխատանքներին։ Տարվա վերջում մասնակցեցի նաև կոնյակի սպիրտի թորման աշխատանքներին։ Խաղողի տեսակներն էին Ռքացիթելի (Դոլբանդ) և  մեղրաբույր որոնք համարվում են հայկական ենդեմիկ տեսակներ։ Արդյունքում ստացանք 480լ կոնյակի սպիրտ։

Բուխարեստի և Գյուլիստանի պայմանագիր

Գյուլիստանի պայմանագիր

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։

Պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1813թ հոկտեմբերի 12-ին:

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի Խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

Համաձայն չեմ այն կետի հետ որով Հայաստանի մի քանի տարածքներ անցնում են Ռուսաստանի տիրապետության տակ:

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Ոչ, քանի որ ավելի ճիշտ կլիներ, որ Հայաստանի տարածքը մնար Հայաստանի տիրապետության տակ:

Բուխարեստի պայմանագիր

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։

Բուխարեստի պայմանագիրը հաշտության պայմանագիր է, որը կնքվել է ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ ժողովրդի ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը):

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

Համաձայն չեմ երկրորդ կետին, որովհետև այդ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային է հանձնում Ախալքալաքի շրջանը, որտեղ ապրել են հայեր։

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Չէի ցանկանա ստորագրել․․․

Հայկական հարց

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է. միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:

1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց: Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը: Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919–20 թթ.), որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս: 1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված: Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին. 1945 թ-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդա-թուրքական բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց: Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945 թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…»:Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:1960–80-ական թվականներին նկատելիորեն մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: 1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 1970–80-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն): ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան փաստը մերժելու քաղաքականություն: 1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է: Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը:

«Քանի դեռ Հայկական հարցը լուծված չէ, այն շարունակ, ինչպես դամոկլյան սուր, կճոճվի Թուրքիայի գլխավերևում, մինչև վերջապես ասիական Թուրքիայի համար կդառնա նույնը, ինչ Հունական կամ Բուլղարական հարցն է եղել եվրոպական Թուրքիայի համար»: Յոհաննես Լեփսիուս

Հայ ազատագրական պայքար

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայերին որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, Արևմտյան Հայաստանում հայերը ենթարկվում էին քուրդ ավազակախմբերի պարբերական հարձակումների, կեղեքվում օսմանյան հարկահավաքների կողմից։ Համեմատաբար տանելի էր հայերի կյանքը Կոստանդնուպոլսում, որտեղ նրանք օգտվում էին որոշակի արտոնություններից։ Օսմանյան իշխանությունները հայերին ճանաչում էր որպես առանձին «միլեթ» (կրոնական–ազգային համայնք)` օժտելով նրանց համայնքային ինքնակառավարման որոշակի տարրերով։

17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։

Օսմանյան սուլթան Աբդուլ-Համիդ II-ը Հայկական հարցը օրակարգից հանելու և բարեփոխումներ իրականացմանն ուղղված հայերի պահանջները չեզոքացնելու նպատակով գնալով ուժեղացնում է արևմտահայության նկատմամբ հալածանքները։

Վերելքի նախադրյալներ

Հայ ժողովրդի պայաքրը 17-րդ դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ։ Դրա համար կային մի շարք նախադրյալներ։

Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվել էին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում։ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը։

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում։ Եվրոպական առանձին երկրներ, որոնք կանգնել էին թուրքական վտանգի առջև, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույների, ասորիների, վրացիների անգամ քրդերի, եզդիների համատեղ պայքարի պատրաստակամությունը։

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ հույսեր առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև 17-րդ դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պայքարը։

 

Հայկական ազգային շարժումը ներկայացված էր առանձին անհատ գործիչներով (Հայ ֆիդայիներ), ինչպես նաև երեք կուսակցություններով, որոնք էին՝ Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն,  Արմենական և Հ.Յ.Դաշնակցություն։

 

Էջմիածնի 1677 թվականի ժողով

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թվականին գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին կեսին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ.Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի և այլ երկրների տիրակալների հետ։

Իրայել Օրու գործունեություն

Հակոբ Ջուղայեցին 1980 թվականին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլիսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա։ Այնտեղ մտնելով զինվորական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Նա ծառայություն է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի մոտ։

Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Իսրայել Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Նրա խորհրդով՝ Հայաստանում տիրող վիճակին ծանոթանալու նպատակով Օրին գալիս է հայրենիք։

Անգեղակոթի ժողով

Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Ժողովին մասնակցել են Սյունիքի և Արցախի մելիքներ և հոգևորականներ։ Այստեղ շուրջ քսան օր բուռն քննարկման առարկա դարձավ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։

Պֆալցյան ծրագիր

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության՝ 36 կետերից բաղկացած «Պֆալցյան ծրագիրը»։ Հայ ազատագրական պայքարի մեծ երախտավոր Իսրայել Օրին առաջինն էր, որ «Պֆալցյան ծրագիր» անունով, առաջ քաշեց դրոշի անհրաժեշտության գաղափարը։ Իսրայել Օրու այս ծրագիրը եվրոպական որևէ երկրում պաշտոնական քննարկման հարց չդարձավ՝ չունենալով գործնական նշանակություն։ Բայց նրա հիմնական դրույթները դրվեցին հայ ազատագրական շարժման ծրագրային սկզբունքների հետագա մշակման հիմքում։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհարաժեշտ օժանդակություն չստանալով՝ Օրին Վիլհեմի խորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։

1894 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ է լինում «հայկական հարցի լուծման» իր տարբերակի կյանքի կոչմանը։ Քրդերից կազմավորվում են հատուկ զինված ջոկատներ, որոնք ի պատիվ սուլթանի կոչվում էին «համիդիե»։ Դրանք հայ բնակչության զանգվածային կոտորածներ են իրականացնում հատկապես Սասունում, Մուշում, Դիարբեքիրում, Վանում և Խարբերդում։ Ջարդեր են տեղի ունենում նաև Էրզրումում, Տրապիզոնում, Ստամբուլում և Մարաշում։ Ընդհանուր առմամբ 1894-1896 թվականներին Համիդյան կոտորածներին զոհ է գնում մոտ 200,000-300,000 հայ, մոտ 80,000 հայեր դառնում են փախստականներ՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում, Կովկասում և Բալկանյան երկրներում։ Թուրքական հայահալած քաղաքականության դեմ 1904 թ. ընդվզում է Սասունը, սակայն օսմանյան իշխանություններին հաջողվում է ճնշել հայերի դիմադրությունը։

Ֆիդայական շարժում

Ֆիդայական կամ հայդուկային շարժումը թուրքական բռնատիրության դեմ արևմտահայութան ազգային-ազատագրական պայքարի ձևերից էր:

Հայ ֆիդայական ազգային-ազատագրական, հակաավատատիրական, ժողովրդավարական շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում, տարերայնորեն, 1880-ական թվականների կեսին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ: Առաջին խմբերն ստեղծվել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և այլ վայրերում: Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի (Առաքել, Ստեփան Մխիթարյան), Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի Քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) և ուրիշներ: Այս շրջանում ֆիդայիների որոշ ղեկավարներ փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ հայդուկային խմբերի գործողությունները: Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել: Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգային-ազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը:Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար. այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1880–90-ական թվականներին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժումը: Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և, զենք ու զինամթերքով զինված, փորձել են անցնել Արևմտյան Հայաստան: Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից:1890-ական թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում դրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ: Ազգային կուսակցությունների հիմնական նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ: Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարական ղեկավարությունը: Ֆիդայիների՝ հնչակյաններին կամ դաշնակցականներին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից ո՜րն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում: 1890-ական թվականների 2-րդ կեսից դաշնակցությունը, հասարակական-քաղաքական կյանքում դառնալով գերիշխող, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամ: Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկիայում: Աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ (մեծ չափերի են հասել 1895–96 թթ-ին) ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր: Ֆիդայիների հաջող գործողությունները նորից հույս են ներշնչել Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդական ցեղերին ու ցեղապետներին՝ ընդդեմ հայերի:Հայդուկային պայքարի նշանավոր դրսևորումներից են Բաբշենի (1898 թ.), Խաստուրի (1899 թ.), Սպաղանքի (1899 և 1900 թթ.), Ցրոնքի (1899 թ.), Բերդակի (1901 թ.), Նորշենի (1901 թ.), Առաքելոց վանքի (1901 թ.) կռիվները: Այս շրջանում մեծ համբավ ունեին ֆիդայիներ Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Ժիրայրը (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան) և ուրիշներ:Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904 թ-ի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը, Սեբաստացի Մուրադը, Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուրիշներ: XX դարի սկզբին Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և անցկացնել Արևմտյան Հայաստան՝ Կովկասից ու Իրանից: Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները՝ հաճախ ձախողելով այդ ձեռնարկումները:

Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ: Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897 թ.): Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ՝ արշավախումբը Խանասորի դաշտում վերացրել է քրդական ցեղը (բացի երեխաներից ու կանանցից), որից հետո հնարավոր են դարձել զենքի առաքումները Տարոնի ուղղությամբ: Արշավանքի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ հրամանատարը՝ Խանասորի Վարդան անուններով:1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ: Մնալով  հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905 թ-ի Ալվառինջի, 1907 թ-ի Սուլուխի կռիվները)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել: Շարժման ելքը կանխորոշել են գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը: Այդուհանդերձ, Ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագրական պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ վերացրել է նրանց գործադրած բռնությունները:Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ.) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավորական ջոկատների մեջ, իսկ Մեծ եղեռնի օրերին մասնակցել է հայերի ինքնապաշտպանական կռիվներին:Ժողովուրդը փառաբանել է ֆիդայիների հերոսությունը, երգեր հյուսել նրանց մասին: Ֆիդայիներին բանաստեղծություններ են ձոնել Դանիել Վարուժանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը («Հայդուկի երգեր», ժողովածու, 1960 թ., Բեյրութ) և ուրիշներ, իսկ Խաչիկ Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում կերտել է հայտնի ֆիդայիների կերպարներ: Ֆիդայիների կերպարներին անդրադարձել են նաև հայ նկարիչներն ու քանդակագործները:

Ֆիդայի կամ ֆեդայի (արաբերեն է. նշանակում է զոհ, հանուն գաղափարի նահատակվող մարդ) XIX դարի վերջին քառորդին և XX դարի սկզբին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական բռնապետության և թուրք-քրդական հարստահարողների դեմ պայքարող հայ ժողովրդական մարտիկների հավաքական անունն է:

ՀԵՌԱՎԱՐ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ 1-5 ՆՈՅԵՄԲԵՐ -ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում

1890 թվականի հուլիսին հնչակյանները Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում ցույց են կազմակերպել, պատռել են Աբդուլ Համիդ Երկրորդի նկարն ու օսմանյան տերության պետական զինանշանը և ստիպել Խորեն Աշըգյան պատրիարքին իրենց հետ շարժվել դեպի սուլթանի պալատը՝ Էրզրումի հանցագործության մեղավորներին պատժելու և Բեռլինի 61-րդ հոդվածի դրույթներն իրագործելու պահանջով։ Ոստիկանները կրակ են բացել, սպանվել են մի քանի ցուցարարներ, իսկ ղեկավարները բանտարկվել են։ Սանկտ Պետերբուրգի բուհերից Թիֆլիս եկած հայ ուսանողների մի խումբ, 1890 թվականի սեպտեմբերին Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ համալրվելով Ալեքսանդրապոլում ու Կարսում, փորձել են անցնել ռուս-թուրքական սահմանը՝ Արևմտյան Հայաստանում համահայկական ապստամբություն սկսելու նպատակով։

Սակայն ռուսական իշխանությունները հայերի ծրագրի մասին տեղեկացրել էին թուրքերին։ Սահմանագլխին Ս. Կուկունյանի խումբը հակահարված է ստացել սուլթանական զորամասերից ու քրդական հեծյալ ջոկատներից, նահանջել և ընկել ռուս սահմանապահների ձեռքը։ Ցարական դատարանը 27 հոգու դատապարտել է 3-20 տարվա տաժանակրության։ Ս. Կուկունյանը Սիբիրի ու Սախալինի բանտերից ազատվել է միայն 1905 թվականին՝ կառավարության ընդհանուր ներումով։ 1890-ական թվականներին Սասունի գավառը (Բիթլիսի վիլայեթում էր՝ 35 հազար հայ բնակչությամբ) դարձել է ֆիդայական շարժման կենտրոն։ Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը, Հրայրը, Գևորգ Չաուշը պայքարի և հարկերը չվճարելու կոչ էին անում։ Իշխանությունները Սասունի դեմ հրահրել են քրդերին, ձերբակալել Մ. Տամատյանին ու 25 սասունցիների։ Շարժման գլուխ են անցել Մեծն Մուրադը, Հրայրը և Չաուշը։ Դեպի Սասուն է շարժվել Զեքի փաշայի զորքը։ Հայերը մերժել են 7 տարվա չվճարված հարկերը մուծելու նրա պահանջը։ 1894 թվականի հուլիսի 27-ին հայերն ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն։ Թուրքերը բանակցություններ են առաջարկել, սակայն նենգաբար շրջապատել ու կոտորել են 148 հայի։

Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը

Արևմտյան Հայաստանում զինված խմբի կողմից տարածքի գրավումով և քաղաքական հստակ պահանջների ներկայացմամբ ամենահայտնի գործողությունը տեղի է ունեցել 1901 թվականին, երբ Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ մոտ 30 հայ մարտիկներից բաղկացած ջոկատը նոյեմբերի 3-ին գրավեց Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքը: Օսմանյան կառավարությունը, տեղեկանալով դրա մասին, մեծաքանակ զորք է ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորներն ու նրանց միացած մահմեդական զինված ջոկատները շրջապատում են Առաքելոց վանքը և անցնում հարձակման: Սակայն, չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը, և թուրքերը մարտի ընթացքում բազմաթիվ զոհեր են տալիս: Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, իսկ հայդուկների գործողությունը գնալով արդեն լայն միջազգային արձագանք է ստանում, թուրքերը դիմում են բանակցությունների: Շուտով Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց քաղաքական պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել հայ քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի կողմից զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին՝ հայերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն: Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը՝ բանտից ազատ են արձակվում 31 բանտարկյալներ:

Հեղափոխական և ազգային ազատագրական շարժումները Հայաստանում 20-րդ դարի սկզբին

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903, անվամբ հայտնի հրահանգը իրականում ունի «Ռուսաստանի Հայ-Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի կառավարման կենտրոնացման օրենք» անվանումը։ Այն հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Դեռևս խորհրդային պատմագրության մեջ օրենքը գնահատվեց որպես հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության դրսևորում, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ։ Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։ Ժողովրդական ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903 թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի դեմ։ Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդել զուտ ազգային բնույթ։ Սոցիալիալ դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը։

Ոստիկանական ուժերի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1, 775 հազար ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904 թվականն ստացվեց միայն 133 հազար ռուբլի եկամուտ։ Ժողովուրդի մեջ գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունները այն մատուցեցին որպես ազգային մշակույթին ու մայրենի լեզվին սպառնացող վտանգ, իսկ հետագայում դա գնահատեցին որպես համաժողովդական պայքար, որն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ։

Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության, ապա Կովկասյան փոխարքայության վերահաստատման պայմաններում ցարական կառավարությունը որոշեց վերանայել այս օրենքը։ 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Հայ-թաթարական ընդհարումները և կենտրոնական իշխանությունների դերակատարումը,

Հայ-թաթարական ընդհարումներ, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ռազմական բախումներ։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին «կովկասցի թաթարներ» էին կոչվում ժամանակակից ադրբեջանցիները։ Զինված բախումները տեղի են ունեցել գերազանցապես Ելիզավետպոլի նահանգում, մասամբ նաև՝ Երևանի նահանգում, Թիֆլիս և Բաքու քաղաքներում։

Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգոստոսին Շուշիում և նոյեմբերին Ելիզավետպոլում։ Ընդհարումների հիմնական պատճառը՝ Անդրկովկասի թաթար-մահմեդականների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից։ Թուրքիան շահագրգռված էր Ռուսական կայսրության տարածքում կենտրոնախույս և հավատակից ուժե­­րի աշխուժացման ու հեղափոխականացման հարցում։ Այդ հակառուսական տրամադրությունները կարող էին ներսից խարխլել ռուսական իշխանության հիմքերն Այսրկովկասում, տարածաշրջան, որը, ինչպես հայտնի է, ըստ պանթուրքական ծրագրի, «Մեծ Թուրանի» անբաժան մասն էր։ Քաղաքներում տեղի ունեցան ավերածություններ, Բաքվում այրվեցին նավթահորեր։ Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Անկարգությունները տեղ գտան նաև Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թբիլիսիում։ Եթե Բաքվում ու Ելիզավետպոլում ջարդերը հրահրել էին մուսուլմանները, ապա Շուշիում և Թիֆլիսում՝ հայերը :Ռազմական բախումներ են արձանագրվել բազմաթիվ բնակավայրերում, ավերվեցին կամ թալանվեցին 128 հայկական և 158 թաթարական գյուղեր։ Տարբեր տվյալներով զոհվեցին 3000-10000 մարդ, հիմնականում՝ թաթարներ։ Դրա պատճառն այն էր, Դաշնակցություն կուսակցությունն առավել լավ էր պատրաստվել և կազմակերպված էր։

Ռուսական իշխանությունները ջանքեր չեն գործադրել ընդհարումները կասեցնելու ուղղությամբ։ Միայն 1906 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսական կայսրության կենտրոնական նահանգներում հանդարտվել էին հեղափոխական շարժումները, իշխանությունները միջոցներ ձեռք առան կասեցնելու արյունահեղությունը։

Գարնանային աշխատանքով զբաղված հայ բնակչությունը ընդհարումների առաջին օրերին անակնկալի եկավ։ Կենտրոնական իշխանությունների բացարձակ անգործության պայմաններում հայոց կաթողիկոսը սկսեց օժանդակություն ցուցաբերել հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Կրոնական առաջնորդներին միացան նաև քաղաքական ուժերը, մասնավորապես՝ Դաշնակցություն կուսակցությունը։ Ջարդերի ընթացքում Բաքու են ուղարկվել Դրոն (Դրաստամատ Կանայան), Արցախ՝ Խանասորի Վարդանն ու Համազասպը (Սրվանձտյան), Սյունիք՝ Քեռին (Արշակ Գավաֆյան), Ելիզավետպոլի գավառ՝ Աբրահամ Գյուլխանդանյանը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան) և Մարտիրոս վարժապետը, Թիֆլիս՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Երևանի գավառ` Նիկոլ Դումանը և շատ ուրիշներ։ 1905 թվականի մայիսի 11-ին Դրոն Բաքվում սպանեց նահանգապետ Նակաշիձեին, ավելի ուշ սպանվեցին Մահմեդբեկովը, Միքելաձեն, Շահթախթինսկին։ Բաքվի հայերի շրջանում կազմակերպական կարևոր աշխատանքներ կատարեց Հովհաննես Քաջազնունին։Ջարդերի ալիքը Բաքվից հասավ ոչ միայն Ելիզավետպոլի նահանգ, այլև Նախիջևանի գավառ։ Այստեղ ջարդերը սկսեցին մայիսի 12-ին և տևեցին երեք օր։ Այստեղ վիրավորվեցին և զոհվեցին շուրջ 400 հայ։ Ալեքսանդրապոլում Մարտիրոս Չարուխչյանն սպանեց Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ, գեներալ Ալիխանով-Ավարսկուն։ Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թվականի մայիսի 23-25-ը։ Թուրքերն անցան գրոհի և փորձեցին զանգվածային գրոհով վերցնել հայկական թաղերը։ Տալով 100 սպանված ավելի շատ վիրավորներ՝ նրանք նահանջեցին։ Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, հարձակումներ չձեռնարկեցին։Կատաղի բախումներ եղան Ելիզավետպոլի նահանգում։

Արևելյան Հայաստանը ռուսական 1-ին հեղափոխության տարիներին (1905-07թթ․),

1905 թվականի հունվարի 9-ին Պետերբուրգում գնդակահարում են խաղաղ ցույցի ելած բանվորներին։ Այդ օրը հայտնի է դարձել որպես «Արյունոտ կիրակի»։ Դրանով սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխությունը։ Այն նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը. սկսեցին գործադուլներ Թիֆլիսում և Բաքվում։ Հայաստանում սկզբնական շրջանում գործադուլներ արեցին Ալավերդու հանքարդյունաբերության շրջանի բանվորները, Դսեղի և Մարցի գյուղացիները։ Հեղափոխությունը մարելու նպատակով իշխանությունները սկսեցին կրոնական և ազգային թշնամանք բորբոքել տարբեր ժողովուրդների միջև։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և կովկասյան թաթարների դեմ։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով։ Արյունոտ բախում է տեղի ունենում հայերի և թաթարների միջև. սպանվում են մի թաթար դպրոցական և խանութպան։ Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ։ Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։

1905 թվականի հոկտեմբերի 17-ին կայսրը հռչակագիր հրապարակեց, որով ազդարարվում էին «քաղաքական ազատությունների անխախտ հիմունքներ» և օրենսդիր Դումայի (Խորհրդարանի) հրավիրում։ 1906 թվականի սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։

Սասունի ապստամբությունը 1904թ․

Թուրքական բռնապետության դեմ Արևմտյան Հայաստանի նշանավոր զինված ելույթներից են Սասունի 1894 և 1904 թթ-ի ապստամբությունները, 1915 թ-ի ինքնապաշտպանությունը:XIX դարի 90-ական թվականներին օսմանյան իշխանությունները Սասունի հայերի կիսանկախ վիճակը վերացնելու նպատակով հրահրել են հայ-քրդական բախումներ: 1891, 1893, 1894 թթ-ի գարնանը սասունցիները քանիցս պարտության են մատնել թուրքական կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին: 1894 թ-ին թուրքական կառավարությունը Սասունի շուրջն ստեղծել է ռազմական գոտի և հայտարարել պատերազմական դրություն, զորքերի ղեկավարությունը հանձնել  Զեքի փաշային: Նրան տրամադրված 12 հզ. թուրք զինվորներից բացի` Դիարբեքիրից Սասուն են փոխադրվել ևս  3 հզ-ը, Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային 2 գունդ և այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք հրոսակներ:Սասունցիները Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության: Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են: Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս: Օգոստոսի 3-ին թուրքական ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով նահանջել են Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լեռան բարձունքները: Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին  անցել հարձակման: Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, որտեղ նրանց շրջապատել են քրդական բազմաքանակ ուժերը: Տղամարդկանց հետ կողք կողքի կռվել են նաև կանայք: Թուրքական և քրդական զորքերն ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել ավելի քան 10 հզ. անզեն հայի:Սասունի 1894 թ-ի ինքնապաշտպանությունը միջազգային արձագանք է ունեցել. առաջադեմ հասարակական գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն սասունցիների: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը թուրքական կառավարությանը ներկայացրել են Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) Արևմտյան Հայաստանում որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր:Սասունի հայերի հաջորդ զինված ընդվզումը 1904 թ-ին էր: Հայերին բնաջնջելու նպատակով սուլթանական կառավարությունը նոր արշավանք է ձեռնարկել: Գարնանը քրդական ուժերն արշավել են Խիանք և Խուլփ, սակայն ջախջախվել են: Դրանից հետո թուրքական 10-հզ-անոց և քրդական 5-հզ-անոց զորքերը, Քեոսե Բինբաշու գլխավորությամբ, հյուսիսից` Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի տարածքով ներխուժել են Սասուն, մտել Ալիանք և Շենիկ: Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է  Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան): Անդրանիկի ջոկատը հաստատվել է  Տափըկ գյուղում՝ խոչընդոտելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը: Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չավուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հակոբ Կոտոյանը, Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը: Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ-ի «Մայիսյան բարենորոգումները»: 1904 թ-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռիվներում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել: Սասունի պաշտպանները և 20 հզ. անզեն բնակիչները հավաքվել են Գելիեգուզանում, որտեղ թուրքերը ապրիլի 17-ին դարձյալ պարտվել են: Երկու օր անց թուրքական զորքն անցել է գրոհի` 12 հրանոթների գնդակոծությամբ: Մի քանի օր դիմադրելուց հետո, երբ սպառվել է զինամթերքը, հայերը թողել են Գելիեգուզանը և քաշվել Ալուճակի բարձունքները: Անզեն ժողովուրդն իջել է Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը: Թուրքերը կոտորել են մոտ 8 հզ. մարդու, ավերել ու կողոպտել շուրջ 2 հզ. տուն:Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից:1915 թ-ի Սասունի ինքնապաշտպանությունը սասունցիների գոյամարտն էր Մեծ եղեռնի շրջանում: Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն տվեց երիտթուրքական կառավարությանը իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը: Սասունցիները նախապատրաստվեցին ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացաններ: Սասունի պաշտպանների խմբերը, որոնք գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը (Տեր-Մինասյան), Կոմսը (Վահան Փափազյան), Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Մճոն (Մկրտիչ Պոլեյան), Իշխանաձորցի Արթինը, Կրպոն, Ստեփան վարդապետը և ուրիշներ, 1915 թ-ի մարտին հետ են շպրտել Տալվորիկի վրա հարձակված թուրքական և քրդական ուժերին: Ապրիլ-մայիսին համառ մարտեր են տեղի ունեցել Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Արտխոնքի շրջանում: Հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի և հրանոթային կրակի ճնշման տակ նահանջել են դեպի Անդոկ սարը: Հունիսին թուրքերը հարձակման են անցել Փսանքի շրջանում: Օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի գրոհով խուճապի են մատնել քրդերին և գրավել ռազմավարական նշանակության Մազի (Սատանի) կամուրջը: Այդուհանդերձ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմել են պաշարման օղակը: Հուլիսի սկզբին թուրք-քրդական 30-հզ-անոց բանակը մեծ կորուստների գնով գրավել է Կուրտիկը: Հուլիսի 20-ին հայերն ազատագրել են Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավար, այդ թվում՝ 3 թնդանոթ: Հրոսակները, համալրվելով Մուշի կոտորածներն իրականացրած թուրք-քրդական ուժերով, հուլիսի 23-ին անցել են նոր հարձակման, գրավել Անդոկի ստորոտի  Հրմոյի գոմերը, կոտորել հայերին, հատկապես՝ կանանց ու երեխաներին: Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրել են մինչև օգոստոսի 3-ը: Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ ջարդարարները 60 հզ. հայերից ավելի քան 45 հզ-ին կոտորել են, մնացածները թաքնվել են լեռներում ու ձորերում: 1916 թ-ի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջել են լեռներից և փրկվել կոտորածից:

1908թ․ երիտթուրքական հեղափոխությունը

Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամ էր ապրում: Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները: Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր, որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը: 1889թ. կազմակերպված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը գլխավորում է հակասուլթանական շարժումը:

1907թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական և դաշնակցական կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար:

1908թ. հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Կարճ ժամանակում Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Երկրում հաստատվում են սահմանադրական կարգեր, որտեղ վճռական դեր էին խաղում երիտթուրքերը:

Համիդյան բռնակալության տապալումը մեծ խանդավառություն առաջացրեց կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մեջ: Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին, կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին: Երիտթուրքերը, սակայն, հրաժարվում են իրենց խոստումներից: Նրանք որդեգրում են օսմանիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրությունը հռչակում էր այնտեղ բնակվող ժողովուրդների հայրենիք: Իրականում այդ քաղաքականությունը նպատակ ուներ թուրքացնել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Հանդիպելով նրանց դիմադրությանը՝ երիտթուրքերի ծրագիրն անհաջողության է մատնվում: Ավելի ուշ նրանք առաջ են քաշում պանիսլամիզմի և պանթուրքիզմի ծրագիրը: Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ երկրորդը՝ համախմբել թուրքալեզու ժողովուրդներին: Երիտթուրքերն իրենց առջև խնդիր են դնում բռնի ձուլման միջոցով թուրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը: Իր կողմից, Աբդուլ Համիդ II-ը գաղտնի նախապատրաստություններ էր տեսնում վերականգնելու սուլթանական բացարձակ միապետությունը:

1909թ. մարտի 31-ին նա հեղաշրջում կազմակերպեց: Սակայն կառավարությանը հավատարիմ զորքերը վերականգնում են երիտթուրքերի իշխանությունը: Սուլթանը գահընկեց արվեց: Երիտթուրքերը գահ են բարձրացնում նրա եղբորը՝ Մահմեդ V-ին:

Բացիկները պատրաստվել են 1908թ․ օսմանյան հեղափոխությունից հետո

Այս բացիկն ունի հայերեն մակագրություն։

Սա նվիրված է 1908թ․ Զմյուռնիայում (ներկայումս Իզմիր) տեղի ունեցած հայկական ցույցին։ Ֆրենկ փողոցում. 2-րդ սահմանադրության շնորհավորանքների ժամանակ հայկական թատրոնի դերասանները։